Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը նիստ է հրավիրել, որտեղ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և նրա փոխարեն խմբակցության ղեկավար է ընտրվել Ջիվան Պողոսյանը, ով մինչ այդ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղարն էր: Թամար Պողոսյանին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշանակել է իր գլխավոր խորհրդական և ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ:
Ինչո՞ւ տեղի ունեցավ այս փոփոխությունը և արդյոք այն կապ ունի՞ վերջին շրջանում ԲՀԿ-ում տեղի ունեցող հեռացումների հետ, արդյո՞ք Թամար Պողոսյանը ևս մեկն էր նրանցից, ով չէր համակերպվում կուսակցության ներսում ստեղծված նոր իրողությունների հետ: Թե՞ ընդհակառակը՝ այս փոխատեղումը եղել ոչ թե Թամար Պողոսյանի և կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հակամարտության հետևանք, այլ նրանց պայմանավորվածության արդյունք: Նաիրա Զոհրաբյանը ինքն է նախաձեռնել այս փոփոխությունը՝ նպատակ ունենալով ավելի ռացիոնալ օգտագործել կուսակցության կադրային հնարավորությունները:
Թամար Պողոսյանը նախկինում ՕԵԿ քվոտայով զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը և այժմ զբաղեցնելով Երևանի ավագանիում խմբակցության ղեկավարի պաշտոնը՝ ստիպված էր ավելի շատ գործ ունենալ ասֆալտապատման, կանաչապատման, բարեկարգման հետ կապված խնդիրների հետ: Այդ խնդիրները խորթ էին տիկին Պողոսյանին: Հիմա նա կուսակցության նախագահի խորհրդականն է և կարող է իր անսպառ եռանդը ներդնել կուսակցաշինության գործում: Այն, որ տիկին Պողոսյանը օժտված է անսպառ էներգիայով՝ հայտնի էր դեռևս նրա մշակույթի նախարար աշխատած տարիներից, հիմա նա կարող է այդ նույն եռանդով մասնակցել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքի համակարգմանը և նոր կառույցների ձևավորմանը:
Այսօրվանից ԲՀԿ-ն սկսում է երկօրյա այց Սյունիքի մարզ, որի ընթացքում պետք է հանդիպումներ լինեն մարզի բոլոր քաղաքներում, և Թամար Պողոսյանը կարող է իր կազմակերպչական ընդունակությունները օգտագործել այդ մարզային այցերի ժամանակ:
Թամար Պողոսյանը երկար տարիներ նաև ԲՀԿ կանանց խորհրդի փոխնախագահն էր, իսկ նախագահը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրն էր՝ Ռոզա Ծառուկյանը, ով որդու ԲՀԿ-ից և քաղաքականությունից հեռանալուց հետո դուրս եկավ կուսակցությունից և բնականաբար թողեց կուսակցության կանանց խորհրդի նախագահի պաշտոնը, այն մինչև երեկ թափուր էր: Զբաղեցնելով կանանց խորհրդի նախագահի պաշտոնը՝ Թամար Պողոսյանը կարող է զբաղվել նաև կանանց հետ կապված աշխատանքների համակարգմամբ:
Այնպես որ, մտածել, թե երեկ տեղի ունեցած փոփոխությամբ Թամար Պողոսյանը պաշտոնի նվազեցում է ունեցել՝ ճիշտ չէ: Ընդհակառակը՝ ԲՀԿ նախագահը նրան ինքնադրսևորման մեծ հնարավորություն է տվել, ազատելով Երևանի առօրյա և շատ դեպքերում ոչ կանացի գործերով զբաղվելու պարտականությունից:








































