Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 11-ին ընդունել է Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարար Ռոնի Արայջիին` ուղեկցությամբ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնի: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է փոխանցել նախարարին` գոհունակությամբ ընդգծելով այն սերտ համագործակցությունը, որ մշտապես առկա է Լիբանանի և Հայաստանի միջև:
Նորին Սրբությունը կարևոր է նկատել նաև Լիբանանի իշխանությունների և ժողովրդի կողմից հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքը, որով ևս մեկ անգամ հատկանշվում է երկու բարեկամ ժողովուրդների դարավոր եղբայրական ոգին: Իր հերթին մշակույթի նախարարն ընդգծել է, որ մեծ պատրաստակամությամբ և սիրով է համագործակցում հայ համայնքի հետ: Ռոնի Արայջին անդրադարձել է նաև Լիբանանի մշակութային կյանքում հայկական համայնքի բերած կարևոր ներդրմանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը և Լիբանանի մշակույթի նախարարը մտահոգությամբ անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող ծանր կացությանը: Այս առիթով Նորին Սրբությունը մաղթել է, որ Ամենակալ Աստծու ողորմությամբ խաղաղությունը վերահաստատվի տարածաշրջանում և մարդիկ շարունակեն ապրել իրենց խաղաղ ու անվրդով կյանքով:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:







































