Մի շարք միջազգային ավիացիոն կազմակերպություններ և ավիաընկերություններ մտահոգություն են հայտնել սիրիական հակամարտության մեջ ռուական թևավոր հրթիռների օգտագործման կապակցությամբ: Այս մասին գրում է Die Welt թերթը:
Նշվում է, որ Ավիաանվտանգության հարցերով եվրոպական գործակալությունը (EASA) նախազգուշական տեղեկություն է հրապարակել Կասպից ծովի, Իրանի և Իրաքի վրայով թռչող ավիափոխադրողների համար:
Պարբերականի տվյալներով՝ EASA-ն իր հրահանգներում կոնկրետ խորհուրդներ չի տվել՝ նշելով, որ դրանք կարող են լինել մոտ ժամանակներս, եթե իրավիճակը հակամարտության շրջանում փոխվի:
Միաժամանակ ֆրանսիական Air France ավիաընկերությունը հատուկ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել Իրանի և Կասպից ծովի վրայով թռիչքների ժամանակ: Բացի դրանից՝ այն դադարել է չվերթեր իրականացնել Եմենի, Արևելյան Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի օդային տարածքում:
Գերմանական Lufthansa ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս թռիչքների այլընտրանքային երթուղիների անցնելու անհրաժեշտություն չկա: Սակայն «փոփոխական» մթնոլորտի հետ կապված՝ Գերմանիայի խոշորագույն ավիափոխադրողը մշտապես խորհրդակցում է գերմանական և եվրոպական ավիացիոն գերատեսչությունների հետ:






































