Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար յուրաքանչյուր հեռուստաալիք և ռադիոկայան կտրամադրի անվճար և վճարովի եթերաժամանակ: Դիմումներն ուղարկվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով:
Այսպես, նկատի ունենալով տվյալ դիմումները, 1 րոպե եթերաժամանակն ամենաթանկն արժե «Շանթ; հեռուստաընկերությունում՝ 120 հազար դրամ: Երկրորդը «Արմենիա TV»-ն է` 1 րոպեն 110 հազար դրամ արժողությամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդի մեկ րոպեն 80 հազար դրամ արժե, «Կենտրոն»-ում՝ 32.400 դրամ, «Երկիր Մեդիա»-ի և Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում՝ 30 հազար, «Արմնյուզ»-ի եթերում՝ 18 հազար դրամ:
Ինչ վերաբերում է ռադիոյին, ապա այստեղ գները խիստ տարբեր են: Հանրային ռադիոընկերության եթերում 1 րոպեն արժե 3600 դրամ, «Ռադիո 107 ՖՄ»-ի եթերում՝ 2800 դրամ, «Ռադիո հայ»-ի եթերում՝ 2400 դրամ:
Նշենք, որ ըստ սահմանված կարգի, յուրաքանչյուր հեռուստա և ռադիոընկերություն պետք է տրամադրի նաև անվճար եթերաժամանակ: Ըստ այդմ, նվազագույն եթերաժամանակը 7 րոպե է, սակայն մի քանի հեռուստաընկերություններում անվճար եթերաժամանակն ավելի երկար է: Դրանցից են «Կենտրոն»-ը՝ 15 րոպե, «Երկիր Մեդիա»-ն՝ 13 րոպե, Հայկական երկրորդ հեռուստաալիքը՝ 10 րոպե: Ինչ վերաբերում է «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններին, որոնց եթերում գովազդի մեկ րոպեն ամենաթանկն է, անվճար եթերաժամանակը ահմանվել է ոչ ավել, քան 7 րոպե:








































