«Հիմնականում գլոբալ պրոյեկտները սկսվել են հենց «ԱրմԹեք» համաժողովից. համաժողովի ներկայացուցիչների կողմից հավանության արժանացավ տեխնոլոգիական կենտրոնների հիմնման գաղափարը և այդ գործընթացը սկսվեց 2008թ.-ից, իսկ Ջրվեժ ինժեներական քաղաքի գաղափարը անցած տարի ներկայացվել է Նյու Յորքում՝ «ԱրմԹեք» համաժողովում, և այն իրականություն կդառնա մոտ ապագայում,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Նա նաև նշեց, որ ոլորտում առկա են որոշակի խնդիրներ՝ և՛ ներքին, և՛ համաշխարհային: Առանձնացրեց կրթական համակարգի հետ կապված ներքին խնդիրները. «Կարող ենք այս խնդիրը լուծել՝ նոր ուղղությամբ տեխնոլոգիական համալսարան ստեղծելով կամ Պոլիտեխնիկ ինստիտուտի բազայի վրա նոր բաժին բացելով, որն ավելի պրակտիկ գիտելիքներ կփոխանցի և ՏՏ ոլորտի շուկային պատրաստի մասնագետ կտա: Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում են ծրագրեր, որոնք առայժմ պիլոտային մակարդակով են: Այս սուղ պայմաններում այն գումարները, որ կառավարությունը տրամադրում է այս ոլորտին բավականին են, բայց բնականաբար չեն բավարարում: Այնուամենայնիվ ՏՏ ոլորտի զարգացումն այսօր կառավարության առաջնայնություններից է»:







































