Վիգեն և Րաֆֆի Թարխանյանները Երևան են ժամանել Ճարտարապետների համահայկական երրորդ համաժողովին մասնակցելու համար:
«2000թ. այցելել էի Երևան, և արդեն հիմա շատ ցգալի փոփոխություն կա, բայց դա բավարար չէ, մենք պետք է միասին ձեռք ձեռքի տանք և զարգացնենք, ինչպես որ սփյուռքում ենք մենք շատ գործեր անում, ուզում ենք այդ փորձը փոխանցել և կիրառել նաև Հայաստանում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Թարխանյանը,- նոր եկեղեցիների, թանգարանների, նույնիսկ հատակագծերի նախագծերը պետք է շիտակ լինեն: Միասնաբար մեծ աշխատանք պետք է կատարվի»:
«Այստեղ շատ զարգացում, առաջադիմություն կա: Կարճ ժամանակամիջոցում մի քանի շենքեր տեսանք, հին բնակարաններ, մոդեռն և պատմական շենքեր, թանգարաններ և եկեղեցիներ. պետք է ավելի լավ ուսումնասիրենք, պետք է լավ մտածենք, պահենք մեր հայկական, պատմական մշակույթը և խելացի կերպով ավելացնենք նորը, մոդեռնը»,- նշեց Վիգեն Թարխանյանը:
Հյուսիսային պողոտայի վերաբերյալ Ր. Թարխանյանը նշեց. «Շատ պավորիչ է, այդ մոդեռն ճարտարապետությունը նոր դաջվածք է հին քաղաքի մեջ, պետք է շարունակվի այդ ոճը և բալանսը պահպանվի»: Իսկ Վ. Թարխանյանի կարծիքով՝ կանաչապատումից առավել կարևոր է լուսավորության հարցը, «ժամանակի ընթացքում պետք է կարողանանք ուսումնասիրել և գտնել, թե ինչ է պակասում, ինչ սխալ կետեր կան»:
Սփյուռքահայ այս ճարտարապետները Հայաստանում իրագործելու որևէ պատվեր չեն ստացել, սակայն նշեցին. «Մենք դեռ չենք ստացել, բայց պատրաստ ենք և շատ մտքեր ունենք ավելի հետաքրքրական և պետքական ծրագրեր իրականացնելու: Սփյուռքի ճարտարապետների հետ համագործակցելով՝ հնարավոր կլինի նոր ոճ բերել, ավելացնել հայրենիքի ճարտարապետական ոճին»:









































