Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՕԵԿ-ն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ընտրական քաղաքական գործընթացներին՝ Երևանի ավագանու ընտրություններին. «Ներկայացրել ենք մրցունակ թիմ, քաղաքապետի կայացած թեկնածու Արմեն Երիցյանին և բավականին մրցունակ նախընտրական ծրագիր, որի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ կներկայացվեն ծրագրի հիմնադրույթները, ինչպիսի բարեփոխումներ ենք ցանկանում ներկայացնել Երևան քաղաքում, ինչ մոտեցումներ ենք որդեգրելու քարոզարշավի ընթացքում և թե ինչ ակնկալիքներ ունենք այս ընտրական մարաթոնից»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ձևավորված է առողջ քաղաքական մրցակցային մթնոլորտ, և առաջիկա ընտրությունները կանցնեն իսկապես մրցակցության պայմաններում, հնարավորություն է ստեղծվել, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը և կարողանան շահել Երևանցիների վստահության քվեն:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ իրենք ընտրություններին մասնակցում են հաղթելու վճռականությամբ, որովհետև սա ավելի շատ անձերի ընտրություն է, ավելի քիչ քաղաքական ընտրություն է»,- ասաց նա, ապա ավելացրեց, որ իրենք ներկայացրել են Արմեն Երիցյանին, որը շարքայինից դարձել է գեներալ, որն անցել է լուրջ ճանապարհ: Արմեն Երիցյանը, ըստ նրա, լավ վարչարար է և լավ կազմակերպիչ:
Արթուր Բաղդասարյանի կարծիքով՝ ներկայացված թեկնածուների մեջ մրցակցային առավելություններ ունեն Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը, քանի որ երկուսն էլ լավ կառավարիչներ են, իրենց աշխատանքում ապացուցել են իրենց մրցունակությունը: Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ հետաքրքիր ընտրապայքար կլինի այս երկու թեկնածուների միջև:









































