Սեպտեմբերի 24-ին Մեքքայի մոտ Մինա հովտում ուխտավորների միջև ծագած հրմշտոցի զոհերի թիվն աճել է մոտ մինչև 1400-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր հաշվարկները:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները սեպտեմբերի 26-ից ի վեր զոհերի թվի մասին նոր պաշտոնական տվյալներ չեն հայտնել: Երկրի առողջապահության նախարարության տեղեկության համաձայն՝ հրմշտոցի զոհ է դարձել 769 մարդ, վնասվածքներ է ստացել 863 ուխտավոր:
Գործակալության հաշվարկները հիմնված են այն 18 երկրների տրամադրած պաշտոնական տվյալների վրա, որտեղից այս տարի ուխտավորներ են մասնակցել հաջին: Հաջին ընդհանուր առմամբ մասնակցել են ուխտավորներ ավելի քան 100 երկրից: Ամենաշատ զոհերն իրանցի են՝ 465 մարդ, զոհերի թվում կա 148 եգիպտացի, 120 ինդոնեզիացի, 99 նիգերիացի, հայտնում է գործակալությունը:
Հաշվարկների համար օգտագործվել են նաև Պակիստանից, Հնդկաստանից, Մալիից, Բանգլադեշից, Սենեգալից, Բենինից, Կամերունից, Եթովպիայից, Մարոկկոյից, Ալժիրից, Գանայից, Չադից, Քենիայից, Թուրքիայից ստացված տվյալները:
Մինա հովտում ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան մուուլմանական հաջի ծիսակարգի ժամանակ: Սաուդյան Արաբիայի պաշտոնական տվյալներով՝ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 700 ուխտավոր, վիրավորվել է ավելի քան 800 մարդ:









































