Սիրիայի ղեկավարությունը կդիմի դաշնակիցներին՝ ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողություն իրականացնելու հարցում օգնության խնդրանքով, եթե անհրաժեշտություն առաջանա։ Այժմ սիրիական բանակն ինքնուրույն կարողանում է գլուխ հանել։ Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության հարցերով նախարար Օմրան Ալ-Զոուբին։
«Անշուշտ, ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակը միայն ավիահարվածներով անհնարին է։ Անհրաժեշտ է ռազմական ցամաքային գործողություն՝ ի հավելումն օդայինի։ Սիրիական բանակն այդ ոլորտում փորձ ունի։ Եթե սիրիական ղեկավարության մոտ դրանում անհրաժեշտություն առաջանա, այն, իհարկե, կխնդրի այդ մասին։ Սակայն ներկա պահին սիրիական բանակը կարող է անձամբ ցամաքային մարտեր վարել։ Եթե Սիրիան ինչ-որ բան ցանկանա ռազմական ոլորտում, այն այս մասին կխնդրի իր ընկերներին, եղբայրներին, դաշնակիցներին»,-հայտարարել է Ալ-Զոուբին Sputnik գործակալության հետ հարցազրույցում։
Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը չորեքշաբթի հայտնել է, որ սիրիական կառավարական բանակը ցամաքային հարձակում է սկսել՝ ռուսական ավիացիայի հարվածների հետ միաժամանակ։
Դեսպանի խոսքով՝ Դամասկոսը չի առարկում Սիրիայում ռուսական ռազմաբազաների տեղակայմանը, սակայն այդ հարցով հայտ դեռևս չի ստացվել Մոսկվայի կողմից։











































