Աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Կոստան խնդրել է իրեն չանվանել «նոր Նեյմար»:
Բրազիլիայի ֆուտբոլային հասարակության կարծիքով՝ հենց Կոստան պետք է իր ուսերին կրի առաջատարի դերը՝ «Բարսելոնա»-ի հարձակվողի բացակայության ժամանակ:
«Ես Նեյմարը չեմ: Պետք չէ նրան փոխարինել: Նրան, ընդհանրապես, հնարավոր չէ փոխարինել: Ես պարզապես պետք է որքան հնարավոր է լավ կատարեմ մարզչի ցուցումները: Աշխարհի ցանկացած թիմ կզգա Նեյմարի կարգի ֆուտբոլիստի կարիքը, բայց մենք պետք է հաղթահարենք այդ դժվարությունը»,- Sport-ը մեջբերում է Դուգլաս Կոստայի խոսքերը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին բրազիլացիները խաղալու են Չիլիի ընտրանու դեմ, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Վենեսուելայի հավաքականի դեմ:






































