Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ ցանկացած տեսակի բանակցությունների անցկացմանը։
Ելույթ ունենալով Թեհրանում Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարության առջև՝ Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն արգելված են, քանի որ դրանք միայն կորուստներ կբերեն երկրին. «ԱՄՆ-ի հետ բանակցություններն արգելված են՝ դրանցում բազմաթիվ բացասական բաների առկայության ու դրական որևէ բանի բացակայության պատճառով»։
Նա հայտարարել է, որ կա պատճառ, թե ինչու է Իրանը դեմ արտահայտվում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի որ դա նշանակում է երկրի ներքին գործերին միջամտություն։ Խամենեին հավելել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմն արդեն իսկ փորձել է ազդել իրանցի բանագնացների վրա։
Խամենեին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կնշանակեին Իրանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և անգամ երկրի անվտանգության ոլորտում նրա ազդեցության համար հնարավորությունների մեծացում։







































