Facebook սոցցանցն ու HTC ընկերությունը ներկայացրել են HTC First սմարթֆոնը: Սարքը աշխատում է Android գործառնական համակարգով՝ փոփոխված ծածկույթով, որն ստացել է Facebook Home անվանումը:
Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում Facebook-ի կենտրոնակայանում:
Նորույթը ներկայացրել են սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու HTC-ի գործադիր տնօրեն Փիթեր Չոուն՝ հայտնում է vestifinance.ru-ն:
Facebook Home-ի ծածկույթում ներգրավված են սոցցանցի գործառույթները, որոնք թույլ են տալիս Facebook-ում հեշտորեն փոխանակվել հաղորդագրություններով, ստանալ հիշեցումներ, «այցելել» ու «լայքել» լուսանկարներ ու ստանալ թարմ նորություններ: HTC First-ում նախատեսված է նաև Instagram ֆոտոծառայություն:
Սարքն ունի 4.3-դյույմանոց HD դիսփլեյ, Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ ու 16 Գբ հիշողություն (microSD քարտերով), հիմնական տեսախցիկ, ինչպես նաև LTE:

Սարքը կշռում է 124 գրամ: HTC First-ը հասանելի կլինի 4 գունային տարբերակներով՝ սև, սպիտակ, կապույտ և կարմիր:
Շշուկների համաձայն՝ ապագայում պատրաստվում են «ֆեյսբուքոֆոններ» թողարկել նաև այլ արտադրողներ: Լուրեր են շրջանառվում, որ Facebook-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Samsung-ի, Sony-ի, Huawei-ի, ZTE-ի, Alcatel-ի ու Lenovo-ի հետ:










































