ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարող է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Այս մասին է Washington Times-ում քաղաքագետ Ալեքսանդրոս Պետերսենի հրապարակած հոդվածը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ անցած ամսվա վերջին Քերին Հայաստանի նախագահին ուղղված նամակում հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը չի կարող բավարարված լինել այս կոնֆլիկտում ստատուս-քվոյի կարգավիճակով»:
Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ-ը շահագրգռված է խնդրի լուծմամբ, քանի որ այն ցանկացած պահի կարող է ժայթքել և ապակայունացնել Իրանի հյուսիսային տարածաշրջանն ու ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայում գտնվող սահմանների մոտակա շրջանները: Դրանից բացի, հակամարտության օջախը գտնվում է Կասպից ծովից Եվրոպա տանող աշխարհի ամենակարևոր էներգետիկ երակներից մեկի հարևանությամբ:
«ԱՄՆ-ը տասնյակ տարիներ է ծախսել Իրանի և Ռուսաստանի մեջտեղով Կովկասյան տարածաշրջանով խողովակաշարեր և տրանսպորտային միջանցքներ անցկացնելով: Կոնֆլիկտի թեժացումն ապագայում կարող է սպառնալիքի տակ դնել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ծրագիրը»,- կարծում է Պետերսենը:
Ինչպես հայտնի է, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը տարվում է Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան: Հեղինակի կարծիքով՝ խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ խաղացողներից մեկը շահագրգռված է հակամարտության ձգձգման մեջ: Ընդ որում, նա նկատի ունի Ռուսաստանին, որը Հայաստանի մերձավոր դաշնակիցն է և Կովկասում իր ռազմական ուժերը պահելու ռազմավարական խնդիրներ ունի: «Ռուսաստանը Հայաստանում ռազմական բազա ունի, ռուսական զորքերը հսկում են հայկական սահմանները, իսկ ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի տնտեսության մեծ մասը, ներառյալ՝ էներգետիկ ոլորտը»,- ասվում է հոդվածում:
Հեղինակի կարծիքով՝ պետքարտուղարի` հակամարտությանը ծանոթանալը ԱՄՆ-ին ղարաբաղյան խնդրի կարգավորման համար լավագույն ռազմավարությունը մշակելու հնարավորություն կտա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են խաղաղապահներ մտցնել Ֆիզուլիի և Քելբաջարի շրջաններ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ: Որոշ լրատվամիջոցներ էլ գրել էին Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այս երկու վերը նշված շրջանները Ադրբեջանին վերադարձնելու գաղտնի համաձայնության մասին: Սակայն, ըստ փորձագետների, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը թույլ չեն տա ամերիկյան խաղաղապահներին այս տարածաշրջան մուտք գործել:







































