Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մեկնաբանությամբ՝ հեռուստաեթերում վերջին ընտրությունները բավականին հավասարակշռված էին լուսաբանվում։ Այն բաց է բոլոր քաղաքական ուժերի համար և, այսպես թե այնպես, հեռարձակողները փորձում են հավասարակշռություն պահպանել: Խնդիրն, ըստ նրա, առաջանում է ընտրություններից հետո, երբ եթերով ավելի շատ ներկայացվում են իշխանական դիրքորոշումները: Ինչ վերաբերում է առցանց և տպագիր մամուլին, ապա իրավիճակը բոլորովին տարբերվում է։
«Տպագիր մամուլը սպասարկում է այն քաղաքական ուժերի շահերը, որը հովանավորում է այդ թերթը: Նույն միտումը նկատվում է նաև առցանց լրատվամիջոցներում, որովհետև և´ քաղաքական ուժերը, և´ տնտեսական շահեր հետապնդող խմբերը աշխատում են իրենց ազդեցությունն ունենալ առցանց լրատվամիջոցների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը, ապա հավելեց, որ այդպիսի դեպքերում լավագույն դեղատոմսն այն է, որ հայաստանյան լրատվամիջոցները ձեռք բերեն իրական անկախություն և չսպասարկեն քաղաքական շահերը։
«Լրատվամիջոցներն առաջին հերթին պետք է գործեն որպես անկախ բիզնես-կազմակերպություններ: Իհարկե, լրատվամիջոցների ազդեցությունը քաղաքական դաշտում մնում է, բայց ոչ որպես գլխավոր ազդեցություն: Դա, ցավոք, մեզանում կախված է վարչական ռեսուրսներից և այն ամենից, ինչը հիմնականում օգտագործվում է իշխող ուժերի կողմից հաղթանակ ապահովելու համար»,- մեկնաբանեց Ա. Մելիքյանը:
Նրա կարծիքով՝ այն, ինչ կատարվել է լրատվամիջոցներում նախագահական ընտրությունների ժամանակ, նույնը կարող է կրկնվել նաև ավագանու ընտրությունների ընթացքում: Սակայն, ի տարբերություն նախագահական ընտրությունների, ավագանու ընտրություններն ավելի մեծ ինտրիգ են պարունակում իրենց մեջ, որովհետև քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ունեցող ուժերը մասնակցում են ընտրություններին. «Այս դեպքում լրատվամիջոցների գործառույթները բավականին բարդանում են, քանի որ պետք է հավասար հնարավորություններ տալ բոլոր թեկնածուներին»:
Ա. Մելիքյանը նշեց նաև, որ ինչպես այս, այնպես էլ նախորդ ընտրությունների վրա շատ մեծ է լինելու սոցիալական ցանցերի ազդեցությունը, քաղաքական ուժերն ակտիվորեն օգտագործել և օգտագործելու են այս հնարավորությունը. «Չպետք է մոռանալ, որ Facebook-ի հայկական սեգմենտը հասնում է 400 հազարի, և կարծում եմ, որ քաղաքական ուժերն այդ ռեսուրսները ևս կօգտագործեն»:








































