Այսօր` ապրիլի 4-ին, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում «Հայաստանը Եվրոպայում» համահայկական-երիտասարդական ուսանողական շարժումը և ՀՈՒԱԱ-ն (Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա) համատեղ անցկացրել են սեմինար «Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգ. ուսանողի մոդել» խորագրով:
«Հայաստանը Եվրոպայում» շարժման նախագահ Արմենակ Մինասյանցը իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ Շարժումը մշտապես պատրաստ է աջակցելու նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը ու իր հերթին հավելեց, որ Հայաստանում կրթական համակարգը դեռևս գտնվում է բարեփոխումների փուլում և նպատակ է դրված համապատասխանեցնել այն եվրոպական կրթական չափանիշներին և որակին:
Սեմինարի գլխավոր բանախոսներն են եղել Որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչ Անուշավան Մակարյանը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արևիկ Անափիոսյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ դասավանդման այն մեթոդաբանությանը, որը զարգացնում է քննադատական մտածողություն.
«Որակի ապահովումը ոչ միայն համապատասխանեցումն է նախանշված նպատակին, ինպես պետությունն է սահմանել, այլև բարձրագույն կրթության` հասարակությանը վերափոխելու կարողությունն է»:
Սեմինարի մյուս բանախոս Անուշավան Մակարյանը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը, կրթության կառավարման սկզբունքները, առկա մարտահրավերները և խոչընդոտները:








































