Մամուլում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որ Արտաշատի քաղաքապետարանում, որը գտնվում է 9-հարկանի շենքում և զբաղեցնում է 9 հարկերից վեցը, վերելակն աշխատում է մինչև երրորդ հարկ, որտեղ քաղաքապետ Արգամ Աբրահամյանի աշխատասենյակն է: Դրանից վերև երեք հարկերին վերելակ չի հասնում: Ինչպես հայտնի է, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, որը բոլորովին վերջերս դարձավ այդ քաղաքի քաղաքապետ:
Այս իրավիճակից, իհարկե, զարմանալ պետք չէ: Սա պարզապես սկզբունք է Հովիկ Աբրահամյանի և ընդհանրապես այն իշխանական «էլիտայի» համար, որի մաս է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի անկախության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում այս՝ հիմնականում անփոփոխ «էլիտան» ընդհանրապես հենց այս վերելակի սկզբունքով է կառավարել պետությունը: Այսինքն՝ «վերելակները» միշտ հասել են մինչև այնտեղ, որտեղ իրենք են, իրենց որդիները, դուստրերը, կանայք, զոքանչները, բաջանաղները, եղբայրները, մանկության և երիտասարդության ընկերները և այլն:
Այդ «վերելակը» հանրային և պետական ռեսուրսն է տարբեր բնագավառներում, որը պետք է դրվեր պետականության հիմքում, պետք է հավասարաչափ և համաչափ բաշխվեր հանրության տարբեր շերտերում՝ դառնալով Հայաստանի պետական կյանքի և հանրային համակեցության արդարացի և արդյունավետ ընթացքի հիմք: Սրա փոխարեն, սակայն, այդ ռեսուրսից հանրությանը գրեթե ոչինչ չհասավ, այդ ռեսուրսը՝ նյութական բարիքների, տնտեսական և իշխանական, քաղաքական քվոտաների, ուժային լծակների և այլնի տեսքով հասավ միմիայն այդ «էլիտային»: Եվ այդ քաղաքականությունը շարունակվում է մինչև այսօր:
Ո՞ւմ է հասել մինչև այսօր տնտեսական աճը, դե իհարկե՝ միայն «էլիտային», իսկ քաղաքացիները ստիպված են եղել բավարարվել թերմացքով: Արդյո՞ք որևէ զարգացում, զարգացման որևէ հեռանկար, նախադրյալ, կառավարության որևէ դրական որոշում, խորհրդարանի որևէ նպաստավոր օրենք, որևէ՝ այսպես ասած բարեփոխում հասնում է, օրինակ, փոքր ու միջին բիզնեսին, հասնում է առանց տանիքի աշխատող գործարարներին: Արդյո՞ք, օրինակ, նրանցից որևէ մեկն իր վրա զգում է, ասենք, տասնյակ միլիոն դրամ արժողությամբ թանկարժեք, ճոխ ու էկզոտիկ գործուղումների, այսպես ասած, տնտեսական պայմանավորվածությունների էֆեկտը: Իհարկե՝ ոչ, այդ ամենը ընդամենը մի «վերելակ» է, որը իշխանական բիզնեսներից, իշխանության տանիքի տակ տեղավորված գործարարներից այն կողմ չի բարձրանում:
Այնպես որ, Արտաշատի քաղաքապետարանի վերելակը չարյաց փոքրագույնն է, պետությունն անձնական «վերելակ» դարձրած էլիտայի կյանքի մի փոքրիկ դրվագ ընդամենը, և ինչի արդյունքն էլ այն է, որ քաղաքացիները հեռանում են երկրից, և այդպես շարունակվելու դեպքում շատ շուտով «էլիտան» Հայաստանում կթողնի ընդամենը մի վերելակի մեջ տեղավորվելու չափ բնակչություն: Թեև, միգուցե հենց դա էլ պետք է իշխանությանը, որ մնա միայն այնքան մարդ, ինչքան պետք է «վերելակի» անխափան աշխատանքը սպասարկելու համար:










































