Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ հանգիստ է իր սաների տրամադրվածության առումով: Այդ կապակցությամբ մասնագետը մտաբերել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի Զագրեբի «Դինամո»-ի դեմ հանդիպումը, որի շրջանակներում մյունխենցիները հաղթանակ են տարել ջախջախիչ՝ 5:0 հաշվով:
««Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ, սովորաբար, ավելի հանգիստ եմ քնում: Իսկ, օրինակ, Զագրեբի «Դինամո»-ի դեմ հանդիպումից առաջ անհանգիստ էի, քանի որ նման խաղերում բոլորը հաղթանակի են սպասում: Դա ավելի վտանգավոր է: Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա այն եզրափակիչ չէ: Խոսք է գնում 3 միավորների մասին, և մենք ցանկանում ենք արժանապատիվ խաղ ցուցադրել»,- Goal-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք՝ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին:





































