Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր դառնում է 80 տարեկան: TASS-ի հաղորդմամբ՝ հոբելյարը չի պատրաստվում աղմկոտ տոն կազմակերպել: «Մտածում եմ նույնիսկ հեռախոսս անջատել, հրաշալի կլիներ, եթե ծննդյան օրը լուռ և աննկատ անցներ»,- ասել է դերասանը:
«Թող հարավորինս շուտ անցնեն հանգստյան օրերը և երկուշաբթին գա,- ասում է դերասանը:- Այդ ժամանակ ես թատրոն կգնամ և կանցնեմ «Պարոն դե Մոլյերի կյանքը» ներկայացման փորձերին, որտեղ կսկսեմ պատրաստել Լյուդովիկոս ХVI-ի դերը»:
Արմեն Ջիգարխանյանն, իր հաշվարկով, էկրանին խաղացել է ավելի քան 300 դեր: Այդ ցուցանիշով նա գերազանցել է նույնիսկ Մառլոն Բրանդոյին և Ալեն Դելոնին և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) փորձել է ընդունվել Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտ, սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանը աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։
1954 թվականին նա ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Ավարտել է 1958 թվականին։ Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս եկել 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատել է ավելի քան տասը տարի։
1967 թվականին ռեժիսոր Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան թատրոնում, որի բեմում նա, մասնավորապես, խաղացել է Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ» և Մեծ Պա՝ Տ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ Էդվարդ Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ Միխայիլ Բուլգակովի «Վազք» ներկայացումներում։
1991-1996 թթ. որպես պրոֆեսոր դերասանական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում: 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ 1996 թվականից գեղարվեստական ղեկավարն է, 2005-2015թթ.՝ նաև թատրոնի տնօրենը:
Կինոյում դեբյուտը եղել է 1960թ. Գրիգորի Սարկիսովի «Փլուզում» ֆիլմով: Արմեն Ջիգարխանյանին հանրաճանաչություն է բերել նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Ջիգարխանյանը խաղացել է «Եռանկյունի» (1967), «Անորսալիների նոր արկածները» (1968), «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» (1975), «Շունը խոտի դեզին» (1978), «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (1979), «Թեհրան-43» (1980), «Քաղաք Զերո» (1988), «Անձնագիր» (1990) և այլ ֆիլմերում:
Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանն արժանացել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասանի պատվավոր կոչման և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։ Պարգևատրվել է նաև «Հայրենիքի հանդեպ ծառայության» II, III, IV աստիճանի շքանշաններով (2010, 1995, 2005), Հայկական ԽՍՀ Վաստակավոր դերասան է (1966թ.), 2010թ. արժանացել է Հայաստանի Պատվո շքանշանի, 2001 թվականից Երևանի պատվավոր քաղաքացի է:
Ստացել է «Ոսկե Խոյ» մրցանակ (1995), Ստանիսլավսկու անվան թատերական մրցանակ՝ Դոմենիկայի դերակատարման համար (2000), «Կումիր» մրցանակի կազմկոմիտեի «Հատուկ մրցանակ» (2002), «Ոսկե դիմակ» մրցանակ (2001, 2015), «Ոսկե արծիվ» մրցանակ (2008)՝ Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր «Անհետացած կայսրություն» ֆիլմի համար, «Բյուրեղյա Տուրանդոտ» թատերական մրցանակ (2010) և այլ պատվավոր մրցանակներ:



































































