Google ընկերությունը կավարտի իր ղեկավարող համակարգի վերակազմավորումը և կդառանա Alphabet ընկերության սեփականությունը: Այդ մասին հայտնում է CNN.Money-ը:
Օգոստոսին համացանցային հսկան հայտարարել է իր բիզնեսի վերակազմավորումը սկսելու մասին: Այդ նպատակով ստեղծվել է Alphabet նոր ընկերությունը, որը կդառնա հոլդինգային ընկերություն, իսկ Google-ը, ինչպես նաև նրա մի քանի այլ միավորներ, կմտնեն նրա կազմի մեջ:
Alphabet-ի գործադիր տնօրենը դարձել է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը: Երկրորդ համահիմնադիր Սերգեյ Բրինը ստացել է նոր ընկերության նախագահի պաշտոնը:
Ընկերությունը վստահեցնում է, որ օգտվողներն այժմ ոչ մի փոփոխություն չեն նկատի: «Google-ը պարզապես փոխում է իր անունը Alphabet-ով, և ստեղծում է Google դուստր ձեռնարկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Յուրաքանչյուր դուստր ձեռնարկություն, ներառյալ՝ Google-ը, կունենա իր սեփական գլխավոր տնօրենը, որը հաշվետու կլինի Alphabet-ի գլխավոր տնօրենի առջև: Google-ի նոր տնօրենը կլինի ապրանքների զարգացման բաժնի ղեկավար, հնդիկ Սունդար Պիչաին:
Լարի Փեյջը նշել է, որ «Alphabet» անվանումը պատահաբար չի ընտրված: «Մեզ դուր է եկել «Alphabet»-ը, քանի որ այն նշանակում է տառերի խումբ (այբուբեն), որից կազմված է լեզուն: Դա մարդկության ամենակարևոր հայտնագործություններից մեկն է և Google-ի փնտրման համակարգի ինդեքսավորման հիմնական միջոցներից է»,- բացատրել է Google-ի համահիմնադիրը:









































