Չեխիայում արձանագրվել է -10 աստիճան ջերմաստիճան, հայտնում է TASS-ը:
«Դա առաջին անգամ է եղել մեր երկրում եղանակի դիտարկումների մոտ 300 տարվա պատմության ընթացքում»,- լրագրողներին հայտնել է Չեխիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտի ներկայացուցիչ Լենկա Մուսիլովան:
«Հոկտեմբերի առաջին օրվա համար ռեկորդային օդի ջերմաստիճան է գրանցվել Յիզերկա գետի շրջանում՝ Հյուսիսային Չեխիայում,- նշել է նա:- Հոկտեմբերի 1-ին այդ շրջանում բացասական ջերմաստիճանների նախորդ ռեկորդը սահմանվել է 3 տարի առաջ: Այն ժամանակ ջերմաստիճանը եղել է -3,9 աստիճան»:
Կտրուկ ցրտել է նաև Չեխիայի ամբողջ տարածքը: Երկրի մայրաքաղաքում, որտեղ դեռ մեկ շաբաթ առաջ օդը տաքացել է մինչև +25 աստիճան, ցրտել է մինչև 4 աստիճան: Օդերևութաբանները չեն բացառում, որ առաջիկա ձմեռը կլինի ամենացրտերից մեկը վերջին տարիներին: Նրանք կանխատեսում են առատ ձյան հնարավորություն:
Այդ կանխատեսումներն առանձնակի ուրախացնում են ֆերմերներին, որոնք ընթացիկ տարում զգալի կորուստներ են կրել երաշտի պատճառով: Ամառն այդ երկրում առանձնացել է գործնականում տեղումների բացակայությամբ և շոգով, երբ օդը տաքացել է մինչև 40 աստիճան:








































