Իսպանիայի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան հրապարակել է ֆիլմի անվանումը, որը կպայքարի «Օսկարի» համար՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի համար առաջին անգամ Իսպանիայից հայտավորվել է բասկերեն լեզվով ֆիլմ՝ հայտնում է NEWSru.com-ը:
«Ծաղիկներ» ֆիլմում խաղում են առավելապես անհայտ դերասաններ: 2014թ. ֆիլմը մրցակցել է իսպանական «Գոյա» ազգային կինոմրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգիում:
Ֆիլմի ռեժիսորներն են Խոսե Մարի Գոենագան և Յոն Գարանյոն: Ֆիլմը Անա անունով կնոջ մասին է, որի ձանձրալի կյանքը վերափոխվում է, երբ ինչ-որ մեկը սկսում է ամեն շաբաթ նույն ժամին նրան ծաղկեփունջ ուղարկել:
Դեկտեմբերի կեսին Ամերիկյան կինոակադեմիան կկազմի 9 ֆիլմերից կազմված կարճ ցուցակ, իսկ 2016թ. հունվարի 14-ին կհրապարակվի առաջատարների հնգյակը, որոնք կմասնակցեն մրցանակի համար պայքարին:
Ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 28-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theater կինոթատրոնում:







































