«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համեմատելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց. «Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ում նախորդ տարվա ելույթի ժամանակ Ռուսաստանը հավասարեցրեց միջազգային երեք չարիքների, այդ թվում՝ Էբոլայի հետ, ապա այս տարի նա համագործակցության կոչ էր անում, խոսում էր ապագային միտված բաների մասին»:
Անդրադառնալով Պուտինի ելույթին՝ պատգամավորն ասաց. «Եթե համեմատենք Պուտինի ելույթը նախորդ կոշտ դիրքորոշումների հետ, ապա այժմ Ռուսաստանի նախագահն ասում էր՝ մենք կփորձենք համագործակցել, միայն թե մեր շահերին մի դիպչեք՝ իհարկե, մի քիչ նեղացած դիրքերից ելնելով: Այնուամենայնիվ, նկատելի էր բոլոր կողմերի ցանկությունը՝ բաց լինել երկխոսության համար»:





































