2014-ի ապրիլի կեսերին հակամարտության մեկնարկից ի վեր Ուկրաինայում ավելի քան 8000 մարդ է զոհվել, ներառյալ խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես գալով Ժնևում՝ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի առջև։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Այսօրվա դրությամբ առնվազն 8050 մարդ է սպանվել Ուկրաինայի արևելքում 2014-ի ապրիլի կեսերին մարտերի մեկնարկից ի վեր։ Այդ թվերը ներառում են զինված ուժերի, քաղաքացիական բնակչության, զինված խմբերի մասնակիցների շարքերում գրանցված զոհերին և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության մոտավոր գնահատականներն են։ Մենք կարծում ենք, որ իրական թվերը զգալիորեն ավելի են»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարության տվյալներով՝ 1.5 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված։










































