Ավտովթարից զոհված դերասան Փոլ Ուոքերի դուստրը դատի է տվել Porsche ավտոարտադրողին՝ պնդելով, որ 2005 թ. թողարկված Porsche Carrera GT ավտոմեքենան, որով վթարի է ենթարկվել իր հայրը, նախագծելիս մի քանի թերություն է ունեցել: Այս մասին հայտնում է CNN-ը:
Դերասան Փոլ Ուոքերը 40 տարեկանում զոհվել է 2013 թ. նոյեմբերին Լոս ԱՆջելեսի մոտ: Ավելի ուշ հետաքննությունը հաստատել է, որ վթարի պատճառը եղել է արագության մեծ գերազանցումը:
Դերասանի 16-ամյա դուստրը՝ Միդոու Ռեյն Ուոքերը, հայտարարել է, որ ավտոմեքենայի թերությունները դարձել են իր հոր մահվան պատճառը: «Բանն այն է, որ Porsche Carrera GT-ն վտանգավոր մեքենա է: Այն չպետք է փողոցում լինի»,- ասել է փաստաբան Ջեֆ Միլամը:
Հյուսիսային Ամերիկայում Porsche Cars-ի ներկայացուցիչ Քալվին Քիմը հայտարարել է, որ չի տեսել հայցի մասին հաղորդագրությունը, ուստի այն չի մեկնաբանի:
«Ինչպես մենք ավելի վաղ ասել ենք՝ մենք դառնություն ենք զգում, երբ ինչ-որ մեկը մարմնական վնասվածքներ է ստանում Porsche-ի ավտոմեքենայում, բայց մենք կարծում ենք, որ իշխանությունների զեկույցներն այս դեպքում հստակ սահմանել են, որ այդ ողբերգական վթարն արագության գերազանցման հետևանք է եղել»,- ասել է նա:







































