Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Հալեպում տիրող իրավիճակին և մասնավորապես հայության խնդիրներին. «Սիրիայում տիրող տագնապը և պատերազմական վիճակը բնականաբար մեր ժողովրդի զավակներին դնում է այնպիսի կացության առջև, որի մասին անկարելի է չմտածել և չծրագրել: Սիրիահայ համայնքը, հատկապես Հալեպի մեր ժողովուրդը, ազգային, եկեղեցական առումով կազմակերպված համայնք էր և շարունակում է իր կազմակերպ ընթացքը, և տագնապի առաջին օրից սկսած՝ թե՛ ժողովրդին տիրություն անելու, թե՛ նրանց անմիջական աջակցություն ապահովելու տեսակետից կարելին փորձեց անել:
Շնորհիվ կազմակերվածության և հայ երեք հարանվանությունների միջև միասնականության՝ մենք փորձում ենք կարելիության սահմմաններում անել ամեն ինչ՝ մեր ժողովրդի անվտանգությունը նկատի ունենալով կարմիր գիծ և ամեն բանից վեր ու առաջ: Նրանց տեղափոխման խնդրի առնչությամբ հաճախ հնչող տեղի և անտեղի ոչ ճիշտ, երբեմն ենթադրական արտահայտությունները նաև երկրի ներսում ապրողներին են վտանգում: Բոլոր նրանք, ովքեր հարմարություն ունեին, ապահով վայրեր տեղափոխվեցին և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս՝ Լիբանան և Հայաստան, որոնք սիրիահայության համար ապավեն են:
Քանդված է քաղաքի մեծ տոկոսը, բայց մեր տարածքներում ունենք ապահովությունը՝ այն իմաստով, որ տրված է կարելիություն շարունակելու մեր կյանքը՝ ոչ բնական պայմաններում և ոչ բնական վիճակի մեջ, մեր եկեղեցիները և դպրոցները շարունակում են իրենց գործունեությունը: Կազմակերպելու իմաստով առաջացնել այնպիսի կարելիություն, որ սիրիահայերն ամբողջությամբ տեղափոխվեն, թույլ տրվի ասել, մի քիչ երևակայական է, աստիճանական կերպով արդեն ամեն ինչ իր ընթացքի մեջ կմտնի, և աշխատում ենք նվազագույն վնասով դուրս գալ: Մենք 150 զոհ ունեցանք, վիրավորների թիվն ավելի մեծ է: Մինչև օրս վտանգը կախված է մեր գլխավերևում»:
Շահան արք. Սարգսյանի հավաստմամբ ռուսական ռազմուժի տեղակայումից հետո «Երկրի մեջ ստեղծված է այն դրական տպավորությունը, որ ահավասիկ Սիրիայի տագնապն իր ավարտին կմոտենա, և քաղաքական իմաստով բացահայտ կդառնա որ համաձայնություններ կան մեծագույն ուժերի միջև, և եթե տակավին ավարտին չեն հասել լուծումները, մոտալուտ են, ըստ երևույթին: Այդ իմաստով հուսադրված է ժողովուրդը, բայց պատերազմը շարունակվում է»:









































