Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի վնասվածքին, Չեմպիոնների լիգայում Լևերկուզենի «Բայեր»-ի հետ առաջիկա խաղին։
«Առանց Մեսսիի խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար։ Նա անփոխարինելի է։ Հանուն Մեսսիի հաղթելը լրացուցիչ խթան է։ Մեր խաղային փիլիսոփայությունը նույնն է։ Պետք է անենք այն, ինչ անում էինք նախկինում։
Ոչ ոքի չեմ խնդրելու անել ավելին՝ Մեսսիի բացակայությունը լրացնելու համար։ Նեյմարը կշարունակի խաղալ այնպես, ինչպես Նեյմարը։ Դա նրա մոտ լավ է ստացվում։
Լևերկուզենը լավ պաշտպանվում է և պրեսինգի դիմում։ Նրանք խնդիրներ կստեղծեն մեզ համար։ Բարդ խաղ է լինելու։ Մեկնարկային տուրում Հռոմում ոչ-ոքին վաղվա խաղին ավելի մեծ կարևորություն է հաղորդում։
Եթե ցանկանում ենք մեր խմբում առաջին տեղը զբաղեցնել, պետք է հաղթել սեփական հարկի տակ»,- հայտարարել է Էնրիկեն։







































