Նյու Յորքում կայուն զարգացման գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հիշեցրել է խաղաղության և անվտանգության հարցերի փոխկապակցվածության մասին շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Նրա խոսքերով` առանց ազգային, կրոնական և միջազգային մակարդակներում համագործակցության` կայուն զարգացման նպատակներին հասնելը խնդրահարույց կլինի:
Ռոհանին հավելել է, որ Իրանը մշակում է զարգացման իր քաղաքականությունը` ելնելով տնտեսական աճի և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրների միջև հավասարակշռությունից:
Նա նաև հայտարարել է, որ վերջին երկու տարիների գործընթացը և երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումը բարենպաստ պայմաններ են ստեղծում տարածաշրջանային և միջազգային համագործակցության համար, այդ թվում` շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում:
«Մենք լի ենք մեր հարևանների հետ համագործակցելու վճռականությամբ, տարածաշրջանային կայուն զարգացումն ապահովելու նպատակներով, ակտիվ «բնապահպանական» դիվանագիտության, այլ երկրների հետ կառուցողական հարաբերությունների, գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով գիտական գործունեությունում համատեղ մասնակցության հիմքով: Այդ գործողությունները կայուն աշխարհ ստեղծելու մեջ մեր ներդրումը կդառնա, որը կազատի բնապահպանական սպառնալիքներից»,- նշել է Ռոհանին:







































