Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է քարոզարշավի մեկնարկի մասին, որի նպատակն է առաջիկա 5 տարում երկրի յուրաքանչյուր բնակչի համար ապահովել համացանցին հասանելիությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ Ցուկերբերգն ասել է, որ համացանցը կարող է օգնել ՄԱԿ-ին հասնել նրա առջև դրված զարգացման նպատակներին, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց դուրս բերել աղքատությունից, քանի որ համացանցն օգնում է ստեղծել նոր աշխատատեղեր և փոխանակվել գիտելիքներով:
Ցուկերբերգի հաշվարկներով` զարգացող երկրներում համացանցի հասանելիության ընդլայնումը միլիոնավոր երեխաներին թույլ կտա կրթություն ստանալ, ինչպես նաև կստեղծի ավելի քան 140 մլն նոր աշխատատեղ:









































