ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետականների առաջնորդ Ջոն Բոները նախօրեին գործընկերներին հայտարարել է, որ լքում է պաշտոնը, իսկ մինչև հոկտեմբերի վերջը կլքի նաև Կոնգրեսը՝ հայտնում է CNN-ը:
Ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, Ջոն Բոների հրաժարականի պատճառներից մեկը 2013 թվականի մայիսին կոնգրեսականների խմբի՝ Ադրբեջան ուղևորությունն է: Պարզվել է, որ ճամփորդությունը հովանավորել է SOCAR ընկերությունը:
Ըստ Կոնգրեսի օրենսգքի՝ խորհրդարանականները նմանատիպ այցելությունները պետք է համաձայնեցնեն էթիկայի հարցերով կոմիտեի հետ: Դրա շուրջ սկանդալը բռնկվել է վաղուց և դեռևս չի մարել, չնայած էթիկայի հարցերով կոմիտեն ամերիկյան օրենսդիրների գործողություններում խախտումներ չի հայտնաբերել: Այժմ Բոների հրաժարականից հետո հնարավոր է այդ հարցով կատարվի կրկնակի հետաքննություն:
Հեռուստաընկերությունը նաև հաղորդում է, որ Բոների այդ որոշումը կապված է պահպանողականների կողմից նրա վրա գործադրվող ճնշումների ուժեղացման հետ: Բոներն ինքը համարում է, որ սկանդալների ֆոնին իր մնալը խոսնակի պաշտոնում կարող է անուղղելի վնաս հասցնել խորհրդարանի իմիջին:
Ջոն Բոները իր որոշման մասին սկզբում հայտնել է միայն ամենամոտ մարդկանց, իսկ պաշտոնական հայտարարությամբ նա հանդես է եկել միայն Հռոմի պապի հետ հանդիպումից հետո:







































