Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կոչ է արել Վրաստանի անվտանգությունն ապահովելու ժամանակ հաշվի առնել Ռուսաստանի շահերը՝ հայտարարելով, որ չի ցանկանում երկրում տեսնել օտար ռազմաբազաներ (ավելի վաղ Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնը):
«Ռուսաստանը պետք է վստահ լինի, որ Վրաստանի կողմից իրենց ոչինչ չի սպառնում, և որ դա Ռուսաստանի, ինչպես և իր սահմաններում անվտանգ զգալու համար յուրաքանչյուր այլ պետության օրինական շահն է։ Մենք Վրաստանում պետք է հասկանանք, որ անթույլատրելի է սեփական պետության անվտանգությունը կառուցել այլ պետության անվտանգության հաշվին՝ անկախ պետության մեծ կամ փոքր լինելուց, քանի որ դա վտանգավոր է։ Եվ քանի դեռ մենք դա չենք հասկացել Վրաստանում, մենք մշտապես գլխացավանք կունենանք»,- ասել է նա։
Բուրջանաձեն ընդգծել է, որ չի ցանկանում Վրաստանի տարածքում օտար ռազմաբազաներ տեսնել, քանի որ հարաբերությունները պետք է կառուցել այնպես, որ բազաներն այլևս պետք չլինեն. «Ես ինքս կողմնակից եմ եղել, որ Վրաստանը լինի ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դա այն ժամանակ էր, երբ կատարելապես այլ էին Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները։ Ներկայումս եկեք իրատեսորեն ասենք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակլցելու հնարավորություն չունի»։










































