Փարիզում Եգիպտոսի պատվիրակությունը Ֆրանսիայի իշխանությունների հետ բանակցում է «Միստրալ» տիպի 2 ռազմանավերի գնման շուրջ, որոնք կառուցվել են Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է «Տրիբյուն» պարբերականը՝ նշելով, որ հնարավոր գործարքի քննարկման լիազորությունները եգիպտացի բանակցողները ստացել են Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ աս-Սիսիից:
Թերթը, հղում անելով տեղյակ աղբյուրներին, պնդում է, որ բացի ուղղաթիռակիրներից՝ Կահիրեն հետաքրքրված է Gowind դասի 2 հետախուզական ռազմանավերը ձեռք բերելով, սակայն կողմերը մինչև այժմ չեն կարողանում պայմանավորվել գործարքի գնի հարցում: Բանակցությունների ընթացքը բարդանում է նրանով, որ ըստ Եգիպտոսի՝ բարձր գինը նշանակել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը՝ DCNS նավաշինական ընկերության ներկայացուցիչներին զրկելով «մանևրի որևէ հնարավորությունից»: «Անցած շաբաթվա վերջին եգիպտացիներն արդեն քիչ է մնացել՝ դուռը շրխկացնեն, քանի որ DCNS-ը նրանց պատասխանելու բան չի ունեցել»,- գրում է պարբերականը:
Վերջին պահին քննարկումը հաջողվել է վերսկսել, սակայն թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում՝ «Տրիբյունի» աղբյուրները հրաժարվում են կանխատեսել:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար «Միստրալ» տիպի 2 ուղղաթիռակիրների շինարարության՝ 1.12 մլրդ եվրո արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է 2011թ. հունիսին, սակայն դրա մատակարարման մասին որոշումը սառեցվեց: Պայմանագրի դադարեցման մասին օրինագիծը Ֆրանսիայի սենատը կքննարկի սեպտեմբերի 30-ին:









































