Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և հատկապես ամերիկացի համանախագահը, հակամարտող կողմերի ներկայացուցիչներին միավորելով բանակցային սեղանի շուրջ, մեծացրել են հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Հայտնի է, որ ՄԱԿ-ի ԳԱ առաջիկա նստաշրջանի շրջանակներում անցկացվելու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Այն ժամանակ, երբ Մինսկի խումբը մեծացրել է իր ջանքերը, պետք է իմանալ ևս մեկ բան, որ Մինսկի խումբը կողմերին հավաքում է մեկ վայրում, սակայն հակամարտության կարգավորման համար համատեղ աշխատանքը պետք է կատարեն երկու երկրների ղեկավարները»,- ասել է Ռոբերտ Սեկուտան։










































