Ռուսաստանը 2000 զինծառայող կուղարկի Լաթաքիայի իր ավիաբազա՝ գրում է Financial Times-ը։
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական առաքելության առաջին փուլի շրջանակում այնտեղ կուղարկվեն կործանիչների անձնակազմեր, ինժեներներ և զինվորականներ՝ օբյեկտի սպասարկման և պահպանման համար։
Աղբյուրները չեն կարողացել հաստատել Մոսկվայի կողմից «երկիր-օդ» հրթիռների ուղարկումը, սակայն թերթի կողմից հարցման ենթարկված փորձագետներն ընդգծել են, որ նման հրթիռներն անհրաժեշտ են ցանկացած ժամանակակից ավիաբազայի պաշտպանության համար։
Մի քանի անանուն արևմտյան զինվորական պաշտոնյաներ համեմատել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնումն Աֆղանստանում Արևմուտքի զինվորականների թվի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանական կառույցների աղբյուրը հայտարարել էր, որ Լաթաքիայի շրջանի օդակայանում տեղակայված են Ռուսաստանից 28 կործանիչներ և ռմբակոծիչներ։ Նաև տեղեկություն էր հայտնվել Սիրիայի գլխավերևում ռուսական ռազմական դիտորդական անօդաչուների գործարկման մասին։










































