Բրիտանացի ֆոտոմոդելն ինքնասպան է եղել՝ վախենալով, որ իրեն ստիպողաբար կամուսնացնեն: 24-ամյա Նադիա Մենազը մահմեդական օրենքներով արդեն ամուսնացած էր, սակայն բրիտանական օրենքը չէր ճանաչում այդ միությունը: Բացի դրանից, երիտասարդ կնոջ ընտանիքին դուր չէր գալիս նրա ամուսինը՝ գրում է Mirror-ը:
Ազգականների հետ բարդ հարաբերությունների պատճառով Նադիան տառապում էր ընկճախտով: Նա դիմել է դատարան՝ փորձելով պաշտպանվել ազգականներից, որոնք ստիպում էին նրան ամուսնանալ երկրորդ անգամ: Հինգ ամիս անց կնոջը մահացած են գտել Մեծ Մանչեսթերի իր տանը:
Նադիան ծանոթացել էր ամուսնու հետ 2010-ին: Նա հանդիպում էր ապագա ամուսնու հետ ծնողներից թաքուն: 2011-ին նրանք ամուսնացել են մահմեդական ավանդույթներով: Թեպետ նրանց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չի եղել, սակայն նրանք 2012-ին աղջիկ են ունեցել:
Նադիայի մահից հետո ծնողները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել, որ Նադիան դատարան է դիմել, և ասել են, որ իրենց աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Հայրը խոստովանել է, որ աղջկա ամուսինն իսկապես իրեն դուր չի եկել, և ավելացրել, որ ամուսինները հաճախ էին վիճում, և ամուսինը նույնիսկ ձեռք է բարձրացրել կնոջ վրա:
Սակայն, ոստիկանությունը բացառել է սպանության վարկածը: Փորձաքննությունը հաստատել է, որ կինը կախվել է: Ամուսնու խոսքերով՝ կինը հաճախ էր ասում, որ ինքնասպան է լինելու, և բուժվում էր հոգեբույժի մոտ:










































