Ալժիրի էկոնոմիկան միջազգային շուկաներում նավթի գնի անկման պատճառով մինչև 2015թ. վերջը կկորցնի 33-35 միլիարդ դոլար: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Աբդելմալեք Սելալը:
«Ածխաջրածնային ռեսուրսների գնի կտրուկ անկումը, որը կարող է շարունակվել, ազդել է նաև մեր երկրի եկամուտների վրա: Խոսքը առնվազն 33-35 միլիարդ դոլարի կորստի մասին է 2015թ. արդյունքներով»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` նման իրավիճակը մի շարք հետևանքներ կունենա, մասնավորապես կհանգեցնի ներքին պետական պարտքի աճի, ինչը պահանջում է պետական ծախսերի ռացինոալիզացմանն ուղղված գործողություններ, ինչպես նաև վարկային շուկայի զարգացում:
Նշենք, որ Ալժիրը Աֆրիկայում և արաբական աշխարհում նավթի ամենախոշոր արտադրողներից մեկն է: Ածխաջրածնային հումքի արտադրությունն ու արտահանումը հսկայական դեր ունեն երկրի էկոնոմիկայում, բյուջեի միջոցների ավելի քան 90%-ը կազմում է էներգակիրների վաճառքից ստացված եկամուտը:








































