Սպիտակ տունը Յուտա նահանգում ապրող ընտանիքի երեխային ծննդյան շնորհավորանք է հղել: ԱՄՆ վարչակազմի պաշտոնական նամակում ասվում է. «Սիրելի Բենջամին: Շնորհավոր 101-րդ տարեդարձդ»: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
Նամակում նաև ասվում է, որ Բենջամինն «ամերիկյան պատմության անքակտելի մասն է» և լավագույն ձեռքբերումների վկան, որոնք «մեր երկիրը կարող է ձեռք բերել կոլեկտիվ ջանքերի շնորհիվ»: Փաստաթղթի ներքևում առկա են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ` Միշելի ստորագրությունները:
Բենջամինը Շոսթեդների ընտանիքում չորրորդ և ամենակրտսեր երեխան է: Հաջորդ շաբաթ նա կդառնա մեկ տարեկան: Ամուսինները մշտապես Սպիտակ տուն հարցում են հղում, որպեսզի շնորհավորեն իրենց երեխաների տարեդարձը: Սակայն նման շնորհավորանք, նրանց խոսքերով, նրանք դեռ չէին ստացել: Բենջամինի ծնողների կարծիքով` հնարավոր է այդ շնորհավորանքը նախատեսված է եղել այլ մարդու համար, ում 101 տարեկանն է լրացել:









































