ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ուրբաթ օրը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ կապել է Սիրիայում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարի խորհրդակցություններն այդ երկրում իշխանության քաղաքական փոխանցման հետ: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը, գրում է RIA Novosti-ն:
Երկու գերատեսչությունների ղեկավարների զրույցը Կուկը «կառուցողական» է անվանել: Նրա խոսքերով` կողմերը «քննարկել են ուղղությունները, որտեղ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հայացքները հատվում են, ինչպես նաև հարցեր, որտեղ առկա են տարաձայնություններ»:
«Նրանք համաձայնել են հետայսու քննարկել Սիրիայում հակամարտության չեզոքացումը, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարը: Քարտերն ընդգծել է կարևորությունն այն բանի, որ այդ քննարկումները շարունակվեն դիվանագիտական բանակցություններին զուգահեռ, որոնք կապահովեին Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Քարտերը նաև նշել է, որ «ԴԱԻՇ-ի ոչնչացումն ու իշխանության քաղաքական փոխանցումն ապահովելը նպատակներ են, որոնց պետք է հասնեն միաժամանակ»:








































