ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստ է ելույթ ունենալ Կոնգրեսում լսումների ժամանակ, երբ քննարկվի հարցն այն մասին, որ նա ծառայողական նամակագրության համար իր անձնական էլեկտրոնային փոստն է օգտագործել։ Այս մասին նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել։
«Ինձ արդեն հրավիրել են ելույթ ունենալ այդ հարցով Կոնգրեսի լսումներին,- ասել է նա:- Դրանք կկայանան հոկտեմբերի վերջին, և ես ուրախ եմ, որ կարող եմ հայտնել իմ տեսակետը»։
Ավելի վաղ նա արդեն խոստովանել էր, որ անձնական փոստի կիրառումը ծառայողական նամակագրության համար այն շրջանում, երբ նա պետքարտուղարի պաշտոնում էր, «լավագույն որոշումը» չի եղել։
Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից 2016-ի ընտրություններում առաջադրման է ձգտում, իսկ պետդեպի ներքին անվտանգության կանոնների լուրջ խախտման մեղադրանքները կարող են վնասել նախագահի պաշտոնի համար պայքարում նրա հնարավորությունները։
Նա խուսափել է պատասխանել հարցին, թե կկարողանա՞ ավելի լավ գլուխ բերել նախագահի պարտականություններից, քան իր ամուսինը, ով պաշտոնավարել է 1993-2001 թվականներին։ «Չեմ կարող և չեմ պատասխանի այդ հարցին»,- հայտարարել է Քլինթոնը՝ հիշեցնելով, որ Սպիտակ տանը դեմոկրատ նախագահների առկայությունը բարենպաստ հետևանքներ է ունեցել ԱՄՆ տնտեսության համար։









































