Եվրոպական ծերացող հասարակությունը միգրանտների կարիքն ունի: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահ Վիտոր Կոնստանցիոն:
«Եվրոպան երկար տարիներ ժողովրդագրական ինքնասպանություն է գործում,- ասել է 71-ամյա պաշտոնյան:- Միտումը փոխելու համար բավարար չէ պարզապես ծնելիությունը խթանելը: Պետք է նաև ներգաղթ: Եթե այն չլինի, մենք մեծ խոչընդոտ կստեղծենք հետագա սերունդների աճի և սոցիալական բարեկեցության համար»: Կոնստանցիոյի խոսքով՝ Եվրոպական կենտրոնական բանկն ի վիճակի չէ միայնակ փոխել եվրոպական տնտեսության բացասական միտումը:
Նման մտքեր սեպտեմբերին հայտնել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը: «Եթե մեզ հաջողվի արագ սովորեցնել նրանց, ովքեր գալիս են մեզ մոտ, և նրանց աշխատանքի ներգրավենք, կլուծենք մեր տնտեսության հիմնական ապագա խնդիրներից մեկը՝ որակավորված աշխատողների պակասի հարցը»,- հայտարարել է Գաբրիելը:








































