Ամերիկացի սպա Ջեսի Նոթը Աֆղանստանից դուրս է բերել տեղի անտուն կատուներից մեկին և ուղարկել իր հայրենի Օրեգոն Սիթի քաղաք (Օրեգոն նահանգ): Ինչպես հաղորդում է Yahoo! News-ը, Կոշկա անունը կրող կատվի տեղափոխությունը կազմակերպելու համար Նոթը կապ է հաստատել կենդանիներին օգնություն ցուցաբերող տեղի կազմակերպություններից մեկի հետ: Կատվին ԱՄՆ տեղափոխելու գործում նրան աջակցել է կամավորը:
Ներկայում Կոշկան գտնվում է ամերիկյան Օրեգոնում: Նոթը դեռևս ծառայության մեջ է Վաշինգտոնում: Շուտով նա կավարտի իր ծառայությունը և կվերադառնա սիրելի կատվի մոտ: Կատվի հանդեպ տածած սիրո համար Նոթն արժանացել է Diamond Collar Awards մրցանակին, որը շնորհվում է այն կենդանիներին ու մարդկանց, որոնք կարողացել են որևէ կերպ առանձնանալ:
Նոթի և Կոշկայի հարաբերությունները սկսվել են 2010թ.: Իրաքում ստացված վերքերի պատճառով ամերիկացին Աֆղանստանում չի մասնակցել ռազմական գործողություններին և գտնվել է շտաբում, այդ պատճառով կարողացել է ապաստան տրամադրել կատվին և խնամել նրան: Չի հստակեցվում, թե կենդանուն ով է տվել Կոշկա մականունը:
Նոթը նշել է, որ Կոշկայի հանդեպ համակրանք է տածել, քանի որ, իր կարծիքով, կենդանին նման է իրեն: Զինվորականը պատմել է, որ դպրոցում չի կարողացել հարաբերություններ հաստատել համադասարանցիների հետ, իսկ կատուն տառապում էր մարդկանց շրջապատում, որոնք ծաղրում էին նրան: Զինվորականի խոսքերով՝ Կոշկան փրկել է իր կյանքը և վերադարձրել հավատն ուժերի հանդեպ:









































