Ադրբեջանական զինուժի կողմից սետեմբերի 2-ի գիշերն արձակած կրակահերթի հետևանքով վիրավորված Տավուշի մարզի Կոթի գյուղի երկու բնակիչների առողջական վիճակն այս պահի դրությամբ բավարար է: Վիրավորում ստանալուց հետո նրանց տեղափոխել են Նոյեբերյանի բժշկական կենտրոն:«Արմենպրես»-ի հետ զրույցում Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ երկու գյուղացիների մոտ էլ բեկորային վնասվածքներ են: « ;Բեկորները հանել են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Նրանց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ ներկա դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է, հակառակորդը չի կրակում:
Օգոստոսի 31-ից սկսած` հակառակորդը կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ շարունակ գնդակոծել է վերոնշյալ հատվածները: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը գնահատել էր «լարված»՝ հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են: