«Սելեկա» ապստամբական խմբավորման գրոհայիններն այսօր հայտարարել են, որ իրենց հաջողվել է գրավել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում գտնվող նախագահական պալատը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Մենք գրավել ենք նախագահական պալատը: Բոզիզեն (նախագահ Ֆրանսուա Բոզիզե-1in.am) այնտեղ չէր: Այժմ մենք ուղղվում ենք դեպի ազգային ռադիո, որպեսզի կոալիցիայի առաջնորդը հայտարարություն անի»,- գործակալությանը հայտնել է ապստամբների ներկայացուցիչը:
Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի բնակիչներին, հայտնում է, որ քաղաքում կատաղի մարտեր են: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Ֆրանսիան Բանգի է ուղարկել իր զինծառայողներին՝ ապահովելու համար քաղաքում գտնվող միջազգային օդանավականի անվտանգությունը:
Շաբաթ օրը կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է մայրաքաղաք մուտք գործել՝ ոչնչացնելով կառավարական ուժերի ուղղաթիռը, որը մոտ մեկ օր խոչընդոտել է քաղաքի ուղղությամբ նրանց առաջխաղացմանը: Ապստամբների՝ Բանգի մուտք գործելու մասին տեղեկությունը հաստատել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում գտնվող ՀԱՀ-ի խաղաղապահները:
Ապստամբական կոալիցիայի զինված խմբավորումները սկսել են մայրաքաղաքի ուղղությամբ հարձակումը անցած տարվա դեկտեմբերին:











































