Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ավագ քննիչ Ռոբերտ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (հանցափորձ, 2 և ավելի անձանց սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում հնչած կրակոցների փաստով: Այդ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում կրակոցներ են հնչել:
Կարճ ժամանակում նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները որոնողական աշխատանքների արդյունքում հրազենային վնասվածքներով հայտնաբերում են մի քաղաքացու, ում ոստիկանների կանչով շտապ օգնության ավտոմեքենան տեղափոխում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նշված վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քնչչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները, և տեղում կազմվում են մի քանի օպերատիվ քննչական խմբեր: Օպերատիվ քննչական խմբերը նշված վայրում հայտնաբերում են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 4 կրակված պարկուճ, ինչպես նաև Մարգուլին տեսակի ատրճանակաից կրակված Տոզ տեսակի 4 պարկուճ:
Հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորությունը՝ դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, նրա տեղակալ Սամվել Ասատրյանը և Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանն ու Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը: Ոստիկանությունը պարզում է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Երևան քաղաքի Հարավ Արևմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանն է, իսկ նրա հետ այդ պահին եղել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան 86 տան բնակիչ 27-ամյա Անուշավան Մանուչարյանը, և երբ նրանք միասին են եղել, անհայտ անձինք կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, սակայն Ա. Մանուչարյանը դիմել էր փախուստի, ու կրակողներից մեկը հետապնդել է նրան մինչև այն պահը, երբ Ա. Մանուչարյանը մտել է իր բնակության վայրի շքամուտք, սակայն հետապնդողը կրակոցներ է արձակել նաև շքամուտքում, ու բարեբախտաբար, Ա. Մանուչարյանը վնասվածքներ չի ստացել:
Ա. Մանուչարյանն աշխատում է Բերդ քաղաքի էլեկտրոցանցի պետ, իսկ նրա հայրը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խմբերը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստանում, թե ովքեր են կատարել կրակոցները: Գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում կրակոցներ արձակողները հայտնաբերվում և հայտնվում են ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Ոստիկանության բաժնի մոտ հավաքվածները պատմել են, որ «եթե միլիցեքը շուտ չհելնեին դրանց հետքի վրա, հաստատ կրակոցները շարունակություն էին ունենալու և, այն վերածվելու էր վենդետայի», իսկ կրակողները, ըստ հավաքվածների, իրեն ճանաչում են՝ որպես հալալ-զուլալի:
Բաժնում հավաքվածները Երևան քաղաքի Քանաքեռ վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանն էին, ովքեր ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքունմ ներկացրել են նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակները: Ըստ տեղեկությունների՝ շուտով կհայտնաբերվի նաև Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան, որով, ըստ տեղեկությունների, հալալն ու զուլալը կրակոցներ արձակելուց հետո դիմել էին փախուստի:









































