Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է տարածքաշրջանային լեզուների վերաբերյալ Եվրոպական խարտիային: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», նախագահը հայտարարել է, որ ինքը զերծ է մնացել խարտիան վավերացնելուց:
«Երբ մենք եկանք իշխանության գլուխ, ոստիկանական կամ բանակային ոչ մի ստորաբաժանում չէր կարողանում մտնել Ջավախք: Մի անգամ Թևզաձեն (Դավիդ Թևզաձե`պաշտպանության նախկին նախարար.- 1in.am) փորձեց, սակայն նրան դուրս հանեցին այնտեղից: Այնտեղ էր ռուսական ռազմական բազան, որի հետ կապված մենք մեծ հակամարտություն ունեինք Պուտինի հետ: Միջազգային ճնշման օգնությամբ մենք դուրս բերեցինք այդ բազան, սակայն Գլխավոր հետախուզական վարչության գործակալները մնացին»,- ասել է Սաակաշվիլին և հավելել, որ 2006-2007թթ. սկսվեց ռուսական բազայի դուրսբերման գործընթացը և այնտեղ հայտնվեցին Վրաստանի նոր կառավարության դաշնակիցներ:
Սաակաշվիլիի խոսքերով` Ջավախքում իր իշխանությունը սկսել է աշխատել մարդկանց, այլ ոչ թե տեղի հեղինակությունների հետ: Նա նշել է, որ երբ առաջին անգամ այցելել է Ջավախք, այնտեղ ոչ մեկը վրացերեն չէր խոսում, իսկ այժմ 6-7-րդ դասարանի աշակերտները խոսում են վրացերեն:
Սաակաշվիլին նշել է, որ իր նպատակն է ոչ թե դուրս մղել հայերենը, այլ այն, որպեսզի վրացերենը դառնա հաջողության ձեռքբերման լեզու Ջավախքի երիտասարդության համար:
«Չախալյանին պետք չէր ազատ արձակել: Նա ավերել է վրացական համալսարանը, վրացական թեմը… Նա բանտից դուրս կգար 6 տարի հետո: Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի երկաթուղային առանցքային կապերից մեկը: 6 տարի անց ջավախքում կկառուցվեր 10 նոր ՀԷԿ, 6 տարի հետո Ջավախքում կենսամակարդակը կբարձրանար 2-3 անգամ, քան այսօր է, 6 տարի հետո Ջավախքի բնակչության մեծամասնությունը կխոսեր վրացերեն»,- ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվլիի կարծիքով` Վրաստանի համար գլխավորը վրացերենն է:








































