Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի բոլոր շենքերում, աշխարհի խոշոր երկնաքերերում, հաստատություններում և բնակելի տներում մեկ ժամով լույսերը կանջատվեն՝ հանուն մարդկության ապագայի. աշխարհում արդեն 7-րդ անգամ անցկացվում է «Երկրի ժամը» ակցիան: Կհոսանքազրկվեն նաև գովազդային վահանակները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Ակցիան կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20.30-ին:
Ակցիայի առիթով թողարկված տեսաուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպությունը մասնակցում է ակցիային՝ «կլիմայի գլոբալ փոփոխություններին ի պատասխան գործողություններ ձեռնարկելու լրջագույն միտումով»: Նրա խոսքով՝ բոլորը պետք է դերակատարում ունենան:
«Երկրի ժամը» ակցիայի մեկնարկը տրվել է 2007 թվականին՝ Սիդնեյում, երբ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը մոլորակի բնակիչներին, կազմակերպություններին և իշխանություններին կոչ արեց ժամը 20.30-21.30-ը անջատել լույսի բոլոր աղբյուրները: Մեկ տարի անց ակցիային մասնակցեց 35 երկրի 400 քաղաք: Անցյալ տարի ակցիային մասնակցել է 147 երկրի 5400 քաղաք: Հիմնադրամում կարծում են, որ այս տարի ակցիային կմասնակցի ավելի քան 7000 քաղաք:








































