Չիկագոյի իշխանությունները հայտարարել են 61 տարրական դպրոցներ փակելու մասին: Նրանք դա բացատրել են ֆինանսական ծանր վիճակռով՝ հաղորդում է CNN-ը:
2014թ. Չիկագոյի դպրոցական ոլորտում կանխատեսվում է 1 մլրդ դոլար չափով բյուջեի պակասուրդ:
Փակվելու են այն դպրոցները, որտեղ նկատվում է աշակերտների պակաս կամ ուսման համար անհրաժեշտ ռեսուրսների կարիք: Դպրոցների մեծ մասը գտնվում է Չիկագոյի աֆրոամերիկյան շրջաններում: Ինչպես գրում է Chicago Tribune-ը, դպրոցների փակման պատճառով 30 հազար դպրոցականներ ստիպված կլինեն հաճախել այլ դպրոցներ:
Ակնկալվում է, որ 10 տարում դպրոցների փակման շնորհիվ կխնայվի 560 մլն դոլար:
Այս միջոցառումների դեմ են դուրս գալիս ուսուցիչներն ու աշակերտները: Հիմնական դժգոհությունն այն է, որ դպրոցականները ստիպված պետք է լինեն հաճախել իրենց բնակության վայրից հեռու դպրոցներ: Դա կարող է հանգեցնել կոնֆլիկտների, այդ թվում՝ հանցագործ խմբավորումների մասնակցությամբ, որոնք ղեկավարում են այս կամ այն շրջանները:










































