Իրաքում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Կոբլերի կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի տարածքի բռնությունը կարող է տարածվել Իրաք, ինչն իր հերթին կարող է սրել ինչպես քաղաքական իրավիճակը, այնպես էլ հարցականի տակ դնել երկրի անվտանգությունը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ուղերձի ժամանակ՝ նվիրված Իրաքի հակամարտության 10-ամյակին:
Նրա խոսքերով` Իրաքում իրավիճակի ապակայունացման հավանականությունը մեծանում է կրոնական և էթնիկ խմբերի միջև մրցակցության պատճառով:
«Իրաքի արևմտյան մարզերում տասնյակ հազարավոր իրաքցիներ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով այն բանի դեմ, որ իրենք իրենց անպաշտպան են զգում»,- նշել է Կոբլերը:
Դիվանագետի խոսքերով`փողոցներում առկա բռնությունն իր արտացոլումն է գտնում նաև քաղաքական մակարդակում: Al-Iraqiya սունիական դաշինքի նախարարները չորս ամիս շարունակ բոյկոտել են նախարարների կաբինետի հանդիպումը: Պետությունը մի շարք միջոցների է դիմել` ցուցարարների պահանջները բավարարելու համար: ՄԱԿ բանագնացը նշել է, որ ազատ է արձակվել շուրջ 3400 բանտարկյալ, կին բանտարկյալներն իրենց պատիժները կկրեն իրենց բնակության վայրերի շրջանների ազատազրկման վայրերում, հատկացվել են վճարումներ 11 հազար թոշակառուների համար:
Չնայած այս ամենին՝ իրավիճակը երկրում շարունակում է բավականին բարդ մնալ: Կոբլերն ընդգծել է, որ էթնիկ կամ կրոնական խմբերի անդամները գտնվում են ահաբեկչական հարձակումների սպանության կամ գերեվարվելու սպառնալիքի ներքո: 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. փետրվարի վերջը ահաբեկչության զոհ է դարձել շուրջ 1300 խաղաղ բնակիչ: Բացի այդ, ահաբեկիչները սպանել են Իրաքի անվտանգության ուժերի 591 աշխատակցի՝ ասել է դիվանագետը:











































