ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Դևիս Քոենը համոզված է, որ Չինաստանը միջոցներ կձեռնարկի Հյուսիսային Կորեայի ֆինանսական գործողությունների դեմ, որոնք հակասում են ՄԱԿ-ի վերջին պատժամիջոցներին: Պատժամիջոցները սահմանվել են մարտի սկզբին՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկում անցկացնելուց հետո՝ հաղորդում է BBC-ն:
Պատժամիջոցները ներառում են հյուսիսկորեացի դիվանագետների գործունեության, դրամական փոխանցումների սահմանափակում, ինչպես նաև նախատեսում են սառեցնել այն անձանց և ընկերությունների բանկային հաշիվները, որոնք առնչություն ունեն Հյուսիսային Կորեայի ռազմական արդյունաբերության հետ:
Քոենը, որը ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում պատասխանատու է ֆինանսական հետախուզության համար, հայտարարել է, որ Վաշինգտոնը Չինաստանի հսկիչ մարմիններին կոչ է արել ավելի մանրազնին ստուգել Հյուսիսային Կորեայի հետ կապված դրամական փոխանցումները:
Չինաստանը Հյուսիսային Կորեայի գլխավոր դիվանագիտական դաշնակիցն է, բացի այդ՝ օգնում է մթերքով և վառելիքով, սակայն Չինաստանի ներկայացուցիչները համաձայնվել են Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված նոր պատժամիջոցների հետ:











































