Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի իսլամական կուսակցության (ԱԻԿ) հերթական նիստը, որի ժամանակ ընդունվել է կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Էլչին Մանաֆովի հրաժարականը։
Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականի հունվարից՝ կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի կալանավորումից հետո, որին մեղադրեցին իշխանությունը զինված ճանապարհով զավթելու ու ռեժիմը բռնի փոխելու նախապատրաստության համար և դատապարտեցին 12 տարվա ազատազրկման։
Նիստի մասնակիցներից մեկը գործակալությանը հայտնել է, որ Մանաֆովն այդ տարիներին քիչ բան չի արել կուսակցության համախմբման նպատակով, ինչի համար նրան շնորհակալություն են հայտնել։ Մանաֆովի հրաժարականի ընդունումից հետո ԱԻԿ-ի նախագահ է դարձել նրա առաջին փոխնախագահ Իլհամ Ալիևը։









































