Կալիֆոռնիայի Լեյք-Էլսինոր քաղաքի բնակիչը հիվանդանոց է ընկել, երբ փորձել է սելֆի անել բոժոժավոր օձի հետ: CBS Los Angeles-ի հաղորդմամբ՝ 36-ամյա Ալեքս Գոմեսը 1-մետրանոց սողունին տեսել է իր ընտանեկան ռանչոյի մերձակա դաշտում:
Տղամարդը մոտեցել է օձին ու դրան վերցրել ձեռքը: Համատեղ լուսանկար անելու փորձի ժամանակ սողունը խայթել է Գոմեսին: Նշվում է, որ տղամարդն անտանելի ցավ է զգացել, նրա ձեռքը ուռել է, մարմինը սկսել է ծակծկել:
Հիվանդանոցում Գոմեսին հակաթույն են տվել, բայց նրա մոր խոսքով՝ տղամարդը կարող է կորցնել ձեռքը, քանի որ միսն արդեն սկսել է փտել:









































